Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ասկարիդոզ. abmed.am

Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է։

Հոմանիշները


Ասկարիդի հակածինների նկատմամբ IgG դասի հակամարմիններ, ասկարիդոզի նկատմամբ IgG դասի սպեցիֆիկ հակամարմիններ, ասկարիդոզի շճաբանական մարկեր։

Անգլերեն հոմանիշները


Antiascaris lumbricoides, IgG, ascaris specific antibodies, IgG.

Հետազոտման եղանակը


Իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ)։

Ի՞նչ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտման համար։


Երակային արյուն։

Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել հետազոտման համար։


Հետազոտությունից 30 րոպե առաջ չծխել։

Ընդհանուր տեղեկատվություն հետազոտման մասին։

Ըստ տարբեր տվյալների՝ ասկարիդոզով վարակված է մոտ 1,27 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության մոտ ¼-ը։ Հիվանդության հարուցիչը մարդու ասկարիդն է (Ascaris lumbricoides), որը պատկանում է կլոր որդերի դասին։ Վարակումը տեղի է ունենում ասկարիդի ձվերով վարակված սննդի ընդունման ժամանակ (վատ լվացված բանջարեղեն, հաճախ արմատապտուղներ), ինչպես նաև աղտոտված ձեռքերի միջոցով։ Ասկարիդի ձվերն ընկնում են բարակ աղի, որտեղ էլ դուրս են գալիս թրթուրները։ Դրանք էլ իրենց հերթին աղիների պատի միջով թափանցում են արյան հոսք և տարածվում են ողջ օրգանիզմով՝ ընկնելով լյարդ, սիրտ, թոքեր, որտեղ թոքերի մազանոթների պատով թափանցում են ալվեոլներ։ Շնչուղիներից թրթուրները գնում են դեպի բերանի խոռոչ և նորից կուլ են գնում։ Թրթուրը, նորից ընկնելով աղիներ, 2,5-3 ամիս հետո զարգանում և դառնում է հասուն առանձնյակ։ Հասուն ասկարիդները ապրում են բարակ աղիներում, որտեղ էգերը բեղմնավորվելուց հետո օրական դնում են մոտ 200 000 ձու։ Արտաքին միջավայր անջատվում են հելմինթի անհաս ձվերը, իսկ հասունացումը տեղի է ունենում միայն դրանց զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ խոնավության և ջերմաստիճանի պայմաններում։ Ասկարիդի կյանքի ընդհանուր տևողությունը կազմում է 6 ամսից մինչև 16 ամիս, այդ պատճառով նույն մարդու մոտ ասկարիդի առկայությունը տարիների ընթացքում բացատրվում է միայն կրկնակի վարակումով։


Թրթուրները, գտնվելով ներքին օրգաններում, սնվում են արյան շիճուկով և էրիթրոցիտներով։Ասկարիդոզի բարդություններն են՝ աղիքային անանցանելիությունը, պանկրեատիտը, ապենդիցիտը, խոլանգիտը, որոնք առաջանում են այլ օրգաններ ասկարիդի միգրացիայի հետևանքով (ենթաստամոքսային գեղձ, լեղապարկ, հաստ աղի), որտեղ ստեղծվում են բակտերիալ վարակի միացման համար բարենպաստ պայմաններ։

Ասկարիդոզի հայտնաբերման առումով կարևոր դեր է խաղում լաբորատոր ախտորոշումը, և մասնավորապես իմունաբանական եղանակը՝ ասկարիդի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինների որոշումը։ Այն կարելի է կիրառել ինչպես հիվանդության միգրացիոն, այնպես էլ աղիքային փուլի ընթացքում։

Բացի այդ, աղիքային շրջանում Ascaris lumbricoides, IgG, կարելի է ախտորոշել կղանքում ասկարիդի ձվերի հայտնաբերման քննությամբ։ Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում տվյալ հետազոտությունը իրականանցնել մի քանի անգամ, քանի որ ասկարիդի ձվերը մշտապես չեն անջատվում։ Հիվանդության տարբեր ժամկետների համար բնորոշ է ծայրամասային արյան էոզինոֆիլիան, ԷՆԱ-ն սովորաբար նույնպես բարձր է։ Լեյկոցիտների քանակը, որպես կանոն, նորմալ է, և միայն բակտերիալ վարակի միացման դեպքում է լեյկոցիտոզ դիտվում։

Ինչի՞ համար է կիրառվում հետազոտությունը։

Մարդու իմունային համակարգը արձագանքում է ասկարիդներին՝ սպեցիֆիկ հակամարմինների արտադրությամբ։ Սկզբում արտադրվում է IgM, որը կարելի է հայտնաբերել վարակումից 1-2 շաբաթ հետո միայն, այնուհետև վերջինիս մակարդակը նվազում է որոշվող արժեքներից ցածր։ IgM-ից հետո սկսում է արտադրվել IgG, որն ապահովում է վերավարակման իմունիտետը։ Սակայն այս իմունիտետն անկայուն է, և ասկարիդոզի բուժման դեպքում արդեն երեք ամիս հետո IgG սովորաբար չի հայտնաբերվում։ Այսպիսով, թեև ախտորոշումը չի կարող դրվել միայն Ascaris lumbricoides, IgG տիտրի որոշման հիման վրա (արդյունքներն անհրաժեշտ է դիտարկել անամնեզի և կլինիկական ախտանիշների հետ միասին), վաղ ախտորոշումը թույլ է տալիս սկսել բուժումը մինչև ասկարիդոզի բարդությունների առաջացումը։
Բացի այդ, տվյալ քննությունը թույլ է տալիս գնահատել ասկարիդոզի բուժման արդյունավետությունը։

Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը։

Այնպիսի գանգատների դեպքում, որոնք թույլ են տալիս ասկարիդոզ կասկածել։
Ասկարիդոզի ընթացքում առանձնացնում են երկու շրջան վաղ (միգրացիոն) և ուշ (աղիքային)։ Վաղ շրջանի մասին կարող են վկայել ընհանուր թուլությունը, դյուրհոգնելիությունը, գլխացավը, երբեմն մինչև 38 °С տենդը, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների մեծացումը, մաշկի ցանավորումը, տեղային կամ համակարգային մաշկի քորը, թոքերի ախտահարման ախտանիշները (չոր հազ, հևոց, ցավ կրծքավանդակում)։ Ուշ փուլում այս ամենին միանում են ստամոքսաղիքային ուղու ախտահարման ախտանիշները՝ ախորժակի անկում, սրտխառնոց, ջրիկ կղանք կամ հակառակը՝ փորկապություն, ցավեր որովայնում։ Շատ հիվանդներ նշում են ալերգիա, որը դժվար է բուժման ենթարկվում, և համառ (երկարատև, բուժման նկատմամբ կայուն) երկաթդեֆիցիտային սակավարյունություն։

Ի՞նչ են նշանակում արդյունքները։

Ռեֆերենսային արժեքները.
Արդյունքը՝ բացասական։
Պոզիտիվության գործակից՝ 0 - 0,84։
Դրական արդյունք.
Վարակում ասկարիդներով։
Բացասական արդյունք.
Ասկարիդներով վարակում չկա։
Հիվանդության սկիզբ։


Ի՞նչը կարող է ազդել արդյունքի վրա։

Առաջնային կամ երկրորդային իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ ասկարիդոզի հայտնաբերման համար անհրաժեշտ է կիրառել հասանելի լաբորատոր ախտորոշման ողջ սպեկտրը, քանի որ այս դեպքում Ascaris lumbricoides, IgG, տիտրը կարող է նվազած լինել։

Ասկարիդոզի կլինիկական պատկերի և հետազոտության բացասական արդյունքների դեպքում խորհուրդ է տրվում կրկնել այն 2-3 շաբաթ հետո, քանի որ հիվանդության ամենասկզբում արդյունքը կարող է լինել կեղծ բացասական։

Ո՞վ է նշանակում հետազոտությունը։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկը, թերապևտը, վարակաբանը, գաստրոէնտերոլոգը, վիրաբույժը։

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ